Միացե՛ք միասնական հայտարարությանը՝ ընդունված Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից՝ մարտի 20-ի հանրահավաքում

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Արցախյան 36 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքնենրի ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Իսկ մարտի 20-ին կայացած հանրահավաքում ընդունվել է նոր հայտարարություն՝ Արցախի ժողովրդի իրավունքների, շահերի ու կարիքների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է նոր և հիմնարար հայտարարությունը՝ մարտիվեցյան հայտարարության փոխարեն: Հայտարարությունը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանն ու հայտարարությանը՝ ստորև լրացնելով իր տվյալները:

Նախաձեռնող կազմակերպություններ՝

1. Արցախի պահեստազորի սպաների միություն ՀԿ, Նախագահ՝ Յուրի Քարամյան
2. Արցախի ազատամարտիկների միություն ՀԿ, Աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Խաչատրյան
3. Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ, Նախագահ՝ Արմեն Ասրյան
4. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտուր Առստամյան
5. «Արցախի պատերազմի վիրավորների միություն» ՀԿ, Նախագահ՝ Դավիթ Բաբայան
6. «Հայկի սերունդ» ՀԿ, Նախագահ՝ Արմինե Պետրոսյան
7. «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտակ Բեգլարյան
8. «Վերածնված հայրենիք» ՀԿ, Նախագահ՝ Տարոն Հակոբյան
9. Արցախի փախստականների միություն ՀԿ, Նախագահ՝ Սարասար Սարյան
10. Արցախի գրողների միություն ՀԿ, Նախագահ՝ Նորեկ Գասպարյան
11. Գեն նախաձեռնությունների կենտրոնհիմնադրամ, Ղեկավար՝ Արմինե Ավագիմյան
12. Մայրություն Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Միքայելյան
13. «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Մարիամ Աբրահամյան
14. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ, Նախագահ՝ Կիմ Գաբրիելյան
15. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ, Նախագահ՝ Միքայել Գասպարյան
16. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ալբերտ Մարդյան
17. «Փախստականների կանանց միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ռուզաննա Ավագյան
18. «Մտքի ուժը» ՀԿ, Նախագահ՝ Արամայիս Աղաբեկյան
19. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հովիկ Ավանեսով
20. «Լուսաբաց» ՀԿ, Նախագահ՝ Սերգեյ Բեգլարյան
21. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Մհեր Հարությունյան
22. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Գևորգյան
23. «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ, Նախագահ՝ Իրինա Գրիգորյան
24. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Մերի Դավթյան
25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Ալվինա Ներսեսյան
26. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Մարիամ Ավագյան
27. «Երիտասարդները հանուն արդարության» ՀԿ, Նախագահ՝ Սնեժանա Թամրազյան
28. «Ելարան» երեխաների զարգացման, ուսուցման և սոցիալիզացման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Եսայան
29. «Մեր տուն-Արցախ» ՀԿ, Նախագահ՝ Անահիտ Թովմասյան
30. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Ապրես Մարգարյան
31. «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ, Նախագահ՝ Վիտյա Յարամիշյան
32. «Արցախի Հանրապետության խուլերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Բելլա Գրիգորյան
33. «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ, Գործադիր տնօրեն՝ Երազիկ Հայրիյան
34. «Հանուն Հադրութի» ՀԿ, Նախագահ՝ Լևոն Հայրիյան
35. «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, Նախագահ՝ Մարգարիտա Քարամյան
36. «Առաջ Արցախ» ՀԿ, Նախագահ՝ Արթուր Հայրապետյան

Кому: Հայաստանի Հանրապետության Կառավարություն
От кого: [Ваше имя]

ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի

Հարգարժա՛ն պարոն փոխվարչապետ,

Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման.

Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում.

Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում.

Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում.

Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր.

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները.

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում.

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը.

Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը.

Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝

1. Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար:

2. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:

3. Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները:

4. Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:

5. Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին:

6. Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով:

7. Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին:

8. Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:

9. Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը:

10. Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան:

11. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց:

12. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար:

13. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար:

14. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը:

15. Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից: